Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Լիքը փող կա, պետք է ծախսել

Լիքը փող կա, պետք է ծախսել
26.12.2016 | 10:27

Սեյրան Օհանյանը մի անորոշ հայտարարություն արեց, Վիտոր Դալլաքյանը փորձեց պահել ուշադրությունը ու մի ոչինչ չասող համագումար արեց՝ առանց Սեյրան Օհանյանի: Նա պարզապես հայտարարեց. «Մեր համագործակցությունը ոչ միայն շարունակվում, այլ նաև խորանում է, և դա պայմանավորված է նաև նրանով, որ մեր կուսակցության և Սեյրան Օհանյանի գնահատականները երկրում ստեղծված ծանր իրավիճակին և դրանից դուրս գալու վերաբերյալ համընկնում են: Մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք, որի կողմնակիցն է նաև Սեյրան Օհանյանը»:


Նախընտրական երկրորդ դաշինքը պտտվում-պտտվում՝ կոնկրետ ուրվագծեր չի ստանում: «Երրորդ հանրապետությունը» դեռ թևածում է իբրև գաղափար, որի կրողների անունները չեն տրվում: ՀՀ երկրորդ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հիմնազուրկ անվանեց Ռոբերտ Քոչարյանի կապը դաշինքին, ավելին՝ հայտարարեց. «Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձևավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երևակայություն ունեն, այլև խորապես ստրկամիտ են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով»: Նվազագույնը սենսացիա կլիներ, եթե հաստատեր՝ այդ կետում դաշինքի պատմությունը չսկսված՝ կավարտվեր: Պարտավոր էր հերքել՝ հերքեց, կհավատա՞ն, թե՞ ոչ «խորապես ստրկամիտները», որ գործում են հասարակական կարծիքի տիրույթում ու այդ տիրույթից դուրս, նրա խնդիրը չէ: Նրա խնդիրն էր Սեյրան Օհանյանին գովազդել՝ գովազդեց՝ «մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով»: Մի քիչ էլ ստեց՝ ճանապարհի մեծության և որոշումների ինքնուրույնության վերաբերյալ:


Այս ընթացքում ավելի բուռն կյանքով է ապրում գիրուկ գեներալը՝ Սամվել Բաբայանը, որ հանդիպում է քաղաքական գործիչների հետ ու քարոզում ծովածավալ դաշինք կազմել, հիմնավորելով, որ լիքը փող կա: Որտեղի՞ց «լիքը փողը», հայտնի չէ: Ծովածավալ՝ որովհետև կարևոր չէ, ով ինչ գաղափարներ ունի, խնդիրը իշխանությանը «գցելն է»:
Փորձագետներից ոմանք կարծում էին, որ Սեյրան Օհանյանի նախագծին կարող է միանալ Գագիկ Ծառուկյանը, բայց դա անհավանական միություն կլիներ, որովհետև Գագիկ Ծառուկյանը, եթե վերջապես որոշի վերադառնալ, բոլորովին այլ խնդիրներ ունի լուծելու, Սեյրան Օհանյանի խնդիրները այլ են, որ հաստատեց վերջերս հրապարակված տեղեկությունը՝ Գագիկ Ծառուկյանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ արտասահմանում հանդիպելու առաջարկը:


Դա նշանակում է, որ Ծառուկյանը հրապարակավ սահմանազատվում է Սեյրան Օհանյանից, որին միանալու անթաքույց ցանկություն ունի միայն Վարդան Օսկանյանը, թաքնված՝ «Ժառանգությունը»: Բացահայտ՝ «Միասնություն Հայաստան» շարժումը, որ հայտարարությամբ սատարեց Սեյրան Օհանյանին և նրա համակիրներին: Հայտարարությունը, սակայն, մեղմ ասած, անկապ էր. «Հայաստանի Հանրապետության միակ կայացած կառույցի՝ բանակի ստեղծման ակունքներում կանգնած և կայացման գործում մեծագույն ներդրում ունեցած մարտական գեներալը ի վիճակի է նույն հաջողություններին հասնել նաև քաղաքական ասպարեզում: Ժամկետանց ու պարտված քաղաքական գործիչներին փոխարինելու է գալիս երկրի հոգսերով իսկապես մտահոգ, իր կենսագրությամբ հաղթանակներ ամրագրած մտավորական, մարտական գեներալը: ՈՒստի, «Միասնություն Հայաստան» շարժումն անվերապահորեն սատարում է Սեյրան Օհանյանին և իր համախոհներին, գաղափարակիցներին, նաև մարտական ընկերներին կոչ է անում միանալ նոր ձևավորվող քաղաքական ուժին: Մենք մեր ողջ ներուժը, մեր կարողություններն ու հնարավորություններն օգտագործելու ենք Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժի հաղթանակի համար»:


Նախ՝ եթե ՀՀ-ն և ԼՂՀ-ն տարբեր պետություններ են, ինչպե՞ս է Սեյրան Օհանյանը եղել ՀՀ բանակի ստեղծման ակունքներում: Պաշտպանության ևս մեկ նախկին նախարար՝ Վաղարշակ Հարությունյանը, կուսակցություն ստեղծեց ու քաղաքականություն մտավ ու քանի՞սը այսօր գիտեն նրա կուսակցության անունն ու երկա՞ր կթվարկեն նրա քաղաքական հաջողությունները: Որտեղի՞ց վստահություն, որ նախկին զինվորականը պարտադիր քաղաքական ասպարեզում հաջողության կհասնի: Ինչո՞վ է արտահայտվել Սեյրան Օհանյանի մտավորական լինելը: Եթե Սեյրան Օհանյանը ծրագրային ոչինչ դեռ չի ասել, Արթուր Ալեքսանյանը որտեղի՞ց գիտի, որ գաղափարակիցներ են: ՈՒ նույնիսկ «Երրորդ հանրապետության» համագումարից տեղյակ չէր՝ իր հայտարարությամբ:


Այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ ցաքուցրիվ դաշտում զորահավաք է հայտարարվել՝ կուսակցական, անկուսակցական, քայլով մարշ Սեյրան Օհանյանի դրոշի տակ:
«Համախմբումի» հարցը քիչ թե շատ հասկանալի է, Վիկտոր Դալլաքյանի պարագան նույնպես՝ նա որոնում է ԱԺ վերադառնալու ճանապարհ, երբ իր առաջ փակ են նախկին դռները, ի՞նչ կապ ունի Արամ Գասպարի Սարգսյանը իր սոցիալ դեմոկրատներով: Նա՞ է ապահովում ՌԴ-ի հետ ուղիղ կապը: Հազիվ թե, այդքան անհուսալի կապով նույնիսկ Սեյրան Օհանյանը քաղաքական մարտադաշտ դուրս չէր գա: Այլ հարց է՝ Ռոբերտ Քոչարյանին թիկունքում ունենալը, բայց ինչպես միշտ՝ չանվանված, չբացահայտված, ստվերային, քանի դեռ արդյունք չկա: Իսկ արդյունքը նրա համար ևս նույնն է՝ վերադառնալ այն կետին, որտեղից իր համար սկսվեց Հայաստանը՝ Հանրապետության հրապարակ, լավագույն դեպքում, վատագույն դեպքում Հանրապետության հրապարակում պահել Կարեն Կարապետյանին, բայց ոչ մի դեպքում Սերժ Սարգսյանին: 10 տարի նախագահել է ինքը, Սերժ Սարգսյանն արել է հնարավորն ու անհնարը, 10 տարի նախագահում է Սերժ Սարգսյանը, ինքը մարտի 1-ից հետո չի խանգարում: Հաշիվը 10:10 է, այսինքն՝ 0:0, և գալիս է պայմանավորվածությունների ու համաձայնությունների ավարտի 00 կետը, որից հետո յուրաքանչյուրն ազատ է իր գործողությունների մեջ, քանի դեռ հարցը չի վերաբերում անձի և ունեցվածքի անվտանգությանը:


Այսքանից հետո ինչպե՞ս Սեյրան Օհանյանին կամ Գագիկ Ծառուկյանին ընկալել իբրև ընդդիմադիր, ինչ հայտարարություն էլ նրանք հիմա անեն՝ եթե նրանք ընդդիմադիր են, ուրեմն Հայաստանի իշխանությունն ինքն իրեն ընդդիմադիր է: Կամ՝ նրանք պարզապես իշխանության ռենեգատներ են: Նրանց առայսօր հայտնի մտադրությունները մեկին մեկ կրկնում են ՀՀԿ-ին: Ընդհանրապես ո՞րն է նրանց ու իշխանության արմատական տարբերությունը ներքին ու արտաքին քաղաքականության մեջ՝ նույն ռուսամետությունը, ավելի ճիշտ՝ ռուսահետությունը, նույն ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, Ղարաբաղի հարցում նույն մադրիդյան սկզբունքները: ՈՒ՝ ի՞նչ, միակ խնդիրն այն է, որ անձերի՞ փոփոխություն է պետք, իսկ ո՞վ ասաց, որ հենց իրենք են այն անձերը, որ պիտի փոխարինեն ներկաներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վիկտոր Դալլաքյանը լավ կաներ համագումար անելուց առաջ կամ գոնե հետո՝ հայտարարեր, որ «Երրորդ հանրապետությունը» վերջին կուսակցությունն է, այլևս ելումուտ չի անելու ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր կուսակցություններ: Սեյրան Օհանյանն էլ ճիշտ կաներ՝ պատասխաներ, եթե այդքան փայլուն նախարար էր, քառօրյա պատերազմում ինչո՞ւ այդքան զոհեր ունեցանք ու ո՞վ է 800 հեկտար տարածք կորցնելու պատասխանատուն: Իսկ կար ժամանակ, որ համարվում էր Սերժ Սարգսյանի իրավահաջորդ, ու ի՞նչ եղավ, որ կատու անցավ, այն էլ՝ սև:
Գագիկ Ծառուկյանն էլ եթե որոշի վերադառնալ, հանգամանալից պիտի բացատրի՝ ինչի՞ն է ընդդիմադիր, ի՞նչ է առաջարկում: Քարուքանդ անող քննադատությամբ հիմա ոչ մեկին չես խաբի, սովորաբար դրան հաջորդում է իշխանության հետ լիակատար փոխըմբռնումը:
Ստացվում է՝ միակ անկեղծը գիրուկ գեներալն է՝ Սամվել Բաբայանը, փող է ընկել ձեռքները, պիտի ծախսեն և որոշել են ներդրում անել քաղաքական դաշտում: Սպասենք հերթական սնանկացմանը:

Դիտվել է՝ 2137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ